«Երևան ջուր» ընկերությունը հետ է կանգնել ջրի սակագինը բարձրացնելու որոշումից և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղարկված գրության մեջ նշվում է, որ «Երևան ջուր» ՓԲԸ-ն հաշվի է առնում ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումը և հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը, և «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և այն թողնել անփոփոխ:
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողնել սակագինը»,- նշվում է գրության մեջ:
«Երևան ջուր» ընկերության գրությունը հիմք ընդունելով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ին կքննարկի և կվերահաստատի ջրի նախկին սակագինը: